ԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանում դեռ քայլեր պետք է արվեն խտրականության բոլոր ձևերի վերացման համար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Հանդիպումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոն Պերկաուսկիենեն:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը, կարևորվել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունները, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի հաստատումը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի հանդիպմանը ներկայացրել է ոստիկանության համակարգի բարեփոխումները, խոսել մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացվող փոփոխությունների և ուժի կիրառման նոր ստանդարտի ներդրման մասին։
Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման գործընթացին, սահմանային ու միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման գործիքակազմին, ինչպես նաև Հայաստանում ներդրված աղետների ռիսկի կառավարման մեխանիզմներին։
ԵՄ-ն գնահատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ուղղություներով արձանագրված շոշափելի առաջընթացը։ Ընդգծվել է նշված ոլորտներում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունն ու լրացուցիչ քայլերն՝ ուղղված խտրականության բոլոր ձևերի վերացմանը։ Կողմերն ընդգծել են նաև որոշումների կայացման և հանրային կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության կարևորությունը։
Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության համատեքստում կողմերը ողջունել են Հայաստանի և ԵՄ միջև վերջերս ստորագրված համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական առաջին խորհրդակցությունների անցկացումը։
–00—ՍՊ