Արցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյուն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը գրում է.
«Հայաստանաբնակ սիրելի’ քույրեր և եղբայրներ,
Այս օրերին Արցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյուն՝ 4 պատ, 1 տանիք, որը կկոչվի տուն։
Ցավոք, վաճառքի առաջարկվող բնակարանների գները խիստ անհամաչափ են՝ ոչ միայն կադաստրային արժեքներին, այլև՝ Հայաստանի այսօրվա սոցիալ-տնտեսական իրողություններին։ Այս վիճակում հատկապես դժվար է լուծումներ գտնել այն մարդկանց համար, ովքեր կորցրել են ամենաթանկը՝ տուն, հող, համայնք, հիշողություններ, մարդկային կյանքեր։
Հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ ցուցաբերել առավել հոգատարություն, կարեկցանք ու պատասխանատվություն։
Խնդրում ենք՝
– Գնային առաջարկներում ղեկավարվել համաչափության և ողջամտության սկզբունքներով։
– Հաշվի առնել տեղահանված ընտանիքների սոցիալական ու հոգեբանական բարդ վիճակը։
– Ցուցաբերել աջակցություն՝ նվազագույնը չխոչընդոտելով բնակարան գտնելու հնարավորությանն այն անձանց համար, ովքեր կարող են իրացնել այդ հավաստագրերը։
Այս իրավիճակում ՀՀ յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացի կարող է դառնալ բարեփոխման մաս՝ վաճառելով իր բնակարանն արդար ու հասանելի պայմաններով։
Թող մեր համերաշխությունն արտահայտվի ոչ միայն խոսքով, այլ՝ գործով։
Հ. Գ. Հարգելի’ տեղահանվածներ,
Եթե բազմանդամ ընտանիք եք, կարիքից դրդված պետք չէ գործարքի գնալ ցանկացած աստղաբաշխական գնով բնակարանի ձեռքբերման համար։
Հիշե’ք, որ դրական մնացորդը Ձեր ընտանիքի համար է։ Բնակարան վաճառողներին ու միջնորդներին մի’ ներկայացրեք Ձեր ընտանիքի անդամների թիվը և հավաստագրի արժեքը։
Պետք չէ’ նպաստել անշարժ գույքի շուկայի արհեստական գնաճի ձևավորմանը»։
–00—ՍՊ