Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ. Վեհափառ Հայրապետ

08/07/2025 22:10 Ներքին կյանք

Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդների երկրորդ խմբին։

Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը բերելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, կարևորել է նրանց համախմբումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մասնակցությունը կրթական ծրագրին։ Նորին Սրբությունը հորդորել է հայորդիներին ջանասիրությամբ մասնակից լինել դասընթացներին՝ զորացնելով հայոց լեզվի և պատմության իրենց իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդ դառնալով հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու Սուրբ Աջի հովանին է մաղթել հայորդիներին` պատգամելով ամուր պահել իրենց կապը Եկեղեցու և հայրենիքի հետ` անխաթար պահպանելու իրենց ինքնությունը: