Դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ

08/07/2025 15:24 Ներքին կյանք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվել է հունիսի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին հաջողվել է իրագործել տուժողի դրամապանակի, բանկային քարտերի և վարորդական վկայականի հափշտակությունը:

Հունիսի 14-ին երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարված ավազակությունը):

Հունիսի 15-ին վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Հունիսի 30-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

—00—ՄԱ