Դեռևս հույս ունեմ, որ Հայոց Եկեղեցում մկրտված հայ իրավապահների համար ևս Հայոց Եկեղեցին սրբություն է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Դե ինչ, Հայոց հավատքի սյունը, Հայոց Եկեղեցին կազմաքանդելու նպատակով Մայր Աթոռի վրա հարձակվելու հերթական հրապարակային հրահանգը իրավապահներին տրվեց։ Ակնհայտ է, որ հիմա էլ մի շինծու հիմք են ստեղծելու Մայր Աթոռում խուզարկություն կատարելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Հենց այս երևույթներն են ամենաբարձր մակարդակով սահմանադրական կարգի ակնհայտ տապալումը, որը կանխելու փոխարեն իրավապահներն ապօրինի քրեական հետապնդումներով օժանդակում են դրան։
Իհարկե, դեռևս հույս ունեմ, որ Հայոց Եկեղեցում մկրտված ՀԱՅ իրավապահների համար ևս Հայոց Եկեղեցին սրբություն է և իրենք պատմության մեջ չեն մնա որպես այդ Սրբությունը պղծողներ և դասագրքերում մի օր չի գրվի, որ նույնիսկ Հայաստանը երբեմն նվաճած այլադավան թշնամիները զորքով չմտան Մայր Աթոռ, սակայն ՀԱՅ իրավապահները մտան»։
–00—ՅՄ