Վանաձորի սաունաներից մեկում վիճաբանություն է եղել. իրավապահները փնտրում են «Կարատեիստ Արսենին»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեում գործող «Սաունա» հյուրանոցային համաիրում վիճաբանություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հյուրանոց մեկնած ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արմինե Մ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով 3 անձ մոտեցել են վերը նշված հյուրանոց, որոնցից մեկին ինքը ճանաչում է՝ որպես «Խիմզավոդ» թաղամասի բնակիչ՝ «Կառատեիստ Արսեն», իսկ վարորդին և նրանց հետ գտնվող երրորդ անձին, ով եղել է ակնհայտ անչափահաս տղա երեխա, ինքը չի ճանաչել։ Արսենը հուլիսի 1-ին 12 հոգու համար ազատ տեղ չլինելու պատճառով իր հետ վիճաբանել և իր ու ընտանիքի անդամների հասցեին մոտ 10 րոպե տևողությամբ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են, որ «Կառատեիստ Արսեն»-ը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Արսեն Փ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
–00—ՅՄ