Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ կարգավիճակից և զբաղեցրած դիրքից․ Ալեն Սիմոնյանի ուղերձը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ «Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։ Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության և քաղաքացիական հասունության մակարդակը։
Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ։ Այն մեր ինքնության, արժանապատվության և ազատության արտահայտումն է։ Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ։
Որպես Ազգային ժողովի նախագահ՝ իմ հստակ համոզմունքն է՝ Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք։
Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից։ Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով այս կարևոր օրվա առթիվ, վերահաստատում եմ, որ մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար լինեն։»։
–00—ԱՊ