ՔՊ-ում սկսել են վախենալ նաև բանադրանքի հնարավորությունից. «Իրավունք»

04/07/2025 08:19 Ներքին կյանք

«Իրավունք» թերթը գրում է.««Քաղաքացիական պայմանագրին» մոտ գտնվող աղբյուրը հայտնում է, որ չնայած ընդհանուր հարձակողական տրամադրություններին եւ վճռական երեւալու փորձերին, իշխանական վերնախավում, այնուամենայնիվ, անորոշությունները միայն սրվում են: Դա կապված է մի քանի գործոնների հետ: Առաջինը` շարունակում են Վեհափառից հրաժարական պահանջել եւ թեմերի առաջնորդների վրա ճնշումներ գործադրել, այդ թվում՝ երկու բարձրաստիճան հոգեւորականի կալանավորեցին, բայց թե ինչ են անելու հաջորդ քայլով, պատկերացում անգամ չկա:

Նույն անորոշ վիճակն է նաեւ Սամվել Կարապետյանին կալանավորելու եւ ՀԷՑ-ի հետ կապված: Որն է լինելու հաջորդ քայլը՝ միայն մռայլ անորոշություններ են, հասկանալով, որ ո´չ Վեհափառին հրաժարական պարտադրելու ռեալ հնարավորություն կա եւ ո´չ էլ կարող են Կարապետյանին անվերջ երկար պահել բանտում: Փոխարենը` կուսակցության ներսում հասկանում են, որ Փաշինյանի կազմակերպված, հետեւողական թվացող, բայց իրականում հախուռն գործողությունների տակ որեւէ ռեալ պլանավորում չկա. ընդամենը նյարդային քայլեր, որը ոչնչացնում է ՔՊ-ի վարկանիշի մնացորդները:

Ու չնայած կուսակցականների հանդեպ խիստ վերահսկողությանը, ինչ որ կոմպրոմատներ տարածելու խոսակցություններին, սկսել են կռահել, որ իրականում Նիկոլը ոչ մի լուրջ կոմպրոմատ էլ չունի, եւ շատ վախենալ պետք չէ: Այս պահին կուսակցության միջին եւ մի փոքր էլ բարձր մակարդակներում համառ մտքեր են ծավալվում, որ այսպես շարունակելու դեպքում, Եկեղեցին արդեն պատրաստ է բանադրանքների, որը, բացի Նիկոլից, բանադրանքը կարող է հանկարծ շատերին վերաբերել, անգամ` Էջմիածնի վրա հարձակվողներին: Իսկ այդ դեպքում կարող են խնդիրների հասնել անգամ սեփական ընտանիքներում, ընկեր–բարեկամական շրջանակներում: Նաեւ մեծ մտահոգություն կա ընդդիմության գործողությունների հետ կապված` հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը վերածվում է քաղաքական ուժերի եւ հանրության «կոորդինացման կենտրոնի», առավելեւս, որ բանտում է գտնվում:

Այսինքն, միանգամայն իրատեսական է դառնում վրացական՝ Իվանիշվիլու մոդելով իշխանափոխության տարբերակը, եթե ոչ արտահերթ, ապա հերթական ընտրություններով:

Այսպիսով, մտահոգությունների առիթները բազում են, եւ շատերի մոտ էլ ավելի լուրջ է դարձել ճամբարափոխության մասին մտորումները, ինչքան էլ, որ ամենավերեւները փորձում են ցույց տալ, թե ամեն բան կարգին է»։

—00—ՍՊ