7 կգ մարիխուանա է հայտնաբերվել. կալանավորվել է 7 անձ. աջակցել է քրեական ոստիկանությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու պարեկներ և Քննչական կոմիտեի աշխատակիցներ:
Հունիսի 15-ին` ժամը 15.20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Երևանի բնակիչ 29-ամյա և օտարերկրացի 39-ամյա երկու տղամարդ, որոնք օտարերկրացու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին: Մեքենայում հայտնաբերվեց երեք կիլոգրամ 530 գրամից ավելի մարիխուանա:
Քիչ անց` ժամը 16.20-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գազալցակայանի մոտ ձերբակալվեց ևս երկու հոգի` 36-ամյա երևանցի և 35-ամյա աշտարակցի տղամարդիկ: Վերջինիս վարած ավտոմեքենայով նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:
Մեքենայում հայտնաբերվեց 680 գրամ մարիխուանա:
Եվս մի քանի ժամ անց` 20.30-ին, Պռոշյան-Երևան ավտոճանապարհի Գևորգ Չաուշի խճուղու հատվածում ձերբակալվեց երկու օտարերկրացի` 28 և 31 տարեկան: Ուղևորի մոտ 540 գրամ մարիխուանա կար:
Միջոցառումները շարունակվեցին առավոտյան: Ժամը 8.15-ին Դիլիջանի Կամոյի փողոցում ձերբակալվեցին վանաձորցի 34-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը: Երկուսն էլ, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Դիլիջանի բաժին: Մեքենայում հայտնաբերվեց երկու կիլոգրամ 440 գրամից ավելի մարիխուանա:
Ձերբակալվածները կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ