Հայաստանը հանձնառու է կիրարկել «Սևիլիայի կոմպրոմիսի» փաստաթուղթը․ ԱԳ փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված կայուն և երկարաժամկետ միջազգային աջակցության ապահովման կարևորությունը:
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Համաժողովի արդյունքում ընդունված եզրափակիչ փաստաթղթի՝ «Սևիլիայի կոմպրոմիս»-ի կիրարկմանը և ընդգծել անդամ երկրների կողմից ամուր քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտությունն ավելի բարեկեցիկ և կայուն ապագայի կառուցման համար։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունավետ անցկացման վերաբերյալ Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով համաժողովի շրջանակներում նախատեսվող Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման իրականացման հարցում բոլոր շահագրգիռ կողմերի համադրված ջանքերի անհրաժեշտությունը:
–00—ՍՊ