Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավարն է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։
Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի ՀՀ կառավարության և երկրում գործող զարգացման գործընկերների հետ արդյունավետ երկխոսության և համագործակցության ավանդույթը։
Զարկոնեն կղեկավարի Համաշխարհային բանկի Հայաստանի հետ հաստատված «Երկրի գործընկերության շրջանակի» իրականացումը, կապահովի բանկի ընթացիկ և նոր հաստատված ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ մասնավորապես էներգետիկայի և ջրային ոլորտներում, ինչպես նաև կառաջնորդի Երևանի գրասենյակի թիմը։
«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանի գրասենյակին և ամրապնդել մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ։ Իմ ուշադրության կենտրոնում կլինի երկրի զարգացման առաջնահերթություններին աջակցելը՝ հատկապես դիմակայունության ուժեղացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները մարդկային կապիտալում՝ զուգահեռ խթանելով կլիմայական գործողություններն ու ներառական աճը», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն։
Նախքան Հայաստանում նշանակվելը՝ Զարկոնեն եղել է Թաիլանդում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար։ Մինչ այդ նա ղեկավարել է բանկի գրասենյակները Բուլղարիայում, Չեխիայում և Սլովակիայում՝ կառավարելով լայնածավալ տեխնիկական աջակցման ծրագրեր։ Նա նաև ղեկավարել է Կոստա Ռիկայի և Սալվադորի գրասենյակները՝ համակարգելով վարկային և խորհրդատվական ծրագրերը։ Կարիերայի ավելի վաղ փուլում Զարկոնեն աշխատել է Մերձավոր Արևելքում՝ համակարգելով բյուջետային աջակցության կարևոր ծրագրեր Արևմտյան Ափում և Գազայի գոտում։
Նա ունի Իսպանիայի Բիզնեսի կառավարման բարձրագույն բիզնես դպրոցի (Escuela Superior de Administración y Dirección de Empresas (ESADE)) կողմից մենեջմենթի գիտությունների դոկտորի կոչում, ինչպես նաև Եվրոպական տնտեսագիտության և իրավունքի մագիստրոսի աստիճան:
–00—ՅՄ