Ոստիկանապետը վերահաստատել է Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը

01/07/2025 10:45 Ներքին կյանք

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։

Փոխդեսպան Թահերին շնորհավորել է Արամ Ղազարյանին՝ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հանդիպումն արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման հանձնառությունը:

Արամ Ղազարյանն իր հերթին ընդգծել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև ձևավորված կայուն ու գործընկերային հարաբերությունները՝ շեշտելով, որ դրանք հիմնված են պատմական և բարեկամական արժեքների վրա։ Ոստիկանապետը վերահաստատել է այդ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։

Երկուստեք կարևորվել է իրավապահ կառույցների միջև կապերի առավել ակտիվացման, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հավելյալ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

—00—ՄԱ