Երկու անձի դանակահարած տղամարդուն հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Հունիսի 28-ին, ժամը 21։08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու:
Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, Մարալիկ՝ նախկին կնոջ հայրական տուն էր այցելել Նորակերտ գյուղի 33-ամյա մի բնակիչ։
Նրա և աներոջ միջև ծագել էր վեճ, որի ընթացքում, իր ավտոմեքենայից վերցնելով դանակը, փեսան հարվածել և մարմնական վնասվածքներ էր պատճառել վիճաբանությանը միջամտած աներորդու ընկերոջը, հետո` նաև վիճաբանությունը կանխել փորձող 46-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում։
Փաստի առթիվ Անիի և Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն առավոտյան, ժամը 06։30-ին, 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում, ձերբակալվել ու ներկայացվել քննչական բաժին, որտեղ խոստովանել է կատարածը։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
–00—ՅՄ