Կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադայում հայ աշակերտները 21 մեդալ են շահել

30/06/2025 17:17 Ներքին կյանք

Ինդոնեզիայի Բալի քաղաքում հունիսի 26-30-ն անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել է Հայաստանի 8 դպրոցի 21 աշակերտ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մասնակիցները նախօրոք առցանց ձևաչափով մասնակցել ու հաղթահարել էին նախնական երկու փուլերը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին: Եզրափակիչ փուլին մասնակցել է 8 երկրի (Հայաստան, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Պերու, Ֆիլիպիններ, Ռումինիա, Թաիլանդ, Վիետնամ) 98 աշակերտ։

ՀՀ աշակերտները օլիմպիադային մասնակցել են առցանց ձևաչափով։

«Հերացի» ավագ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի թիվ 2 ավագ դպրոցի, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի, ԱՅԲ դպրոցի, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի, Երևանի թիվ 118 ավագ դպրոցի, Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ նվաճել են 5 ոսկե, 9 արծաթե ու 7 բրոնզե մեդալներ։

Կիրառական կենսաբանության նախորդ միջազգային 4-րդ օլիմպիադայում հայաստանյան թիմն առկա ձևաչափով ներկայացել էր 8 մասնակցով և արժանացել 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալների:

–00—ՅՄ