Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բժիշկ֊ռադիոլոգի կողմից իրավունք վերապահող բժշկական փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք է տվել զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովին՝ արձանագրելու, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն, Լ.Մ.-ն պիտանի չէ զինվորական ծառայության համար։
Բժիշկ֊ռադիոլոգի տված ախտորոշման իսկությունը պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ զորակոչիկի մոտ նման հիվանդություն չի հայտնաբերվել, որով էլ հիմնավորվել է բժիշկ-ռադիոլոգի կողմից կեղծ բժշկական փաստաթղթի պատրաստման փաստը։
Նախաքննության ընթացքում բժիշկ-ռադիոլոգի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ