Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Երեկ՝ հունիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 16-ամյա Նորայր Հ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտնը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Հենրիկ Սահրադյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շնորհիվ Երևանի շտապօգնության բժիշկների և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ երեխայի կյանքին այևս վտանգ չի սպառնում:
—00—ՄԱ