Փաշինյանը ոտնահարում է օրենքն ու հետապնդում Հայ Առաքելական Եկեղեցուն․ Սկանդինավիայի հայերի միություն

29/06/2025 14:19 Ներքին կյանք

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, դատական համակարգի գործողությունները․

«Նիկոլ Փաշինյանը, ոտնահարելով օրենքն ու բարոյական բոլոր չափանիշները, շարունակում է իր քաղաքական հետապնդումները Հայ Առաքելական Եկեղեցու եւ իր ընդդիմադիրների դեմ։

Այս ամենը վերջին օրերին սպառնալիքներով, շանտաժով ու կեղտոտ բառապաշարով մեդիաարշավից վերափոխվել է շինծու ու կեղծ մեղադրանքներով ապօրինի կալանավորումների։

ՀՀ ուժային մարմիններն արդարադատական համակարգի հետ միասին վարչապետի ձեռքում դարձել են քաղաքական հալածանքներ իրականացնող գործիք՝ Հայաստանը դարձնելով բռնապետություն։ Այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը հանրային կերպով սատարեց եկեղեցուն, նրան կալանավորեցին։ Ապա բանտարկվեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ իր տասներկու աջակիցները՝ մեղադրվելով հեղաշրջման մեջ։

Այս ամենին նախորդել էին անհիմն խուզարկությունները, ակնհայտ բեմադրված գործողություններն ու շինծու մեղադրանքները։ Իր խոսքի համար հունիսի 28-ին կալանավորվեց նաեւ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա ձերբակալությունն ուղեկցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վեհարանի նկատմամբ ամոթալի ոտնձգությամբ։

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս հետապնդումների նպատակներն ակնհայտ են. ա․ լռեցնել ընդդիմախոսներին բ․ համատարած վախի մթնոլորտ ստեղծել հասարակ ժողովրդի շրջանում գ․ զավթել Հայ Առաքելական Եկեղեցին դ․ վերջնականապես պառակտել հայ ժողովրդին ե․ ծաղր ու ծանակի ենթարկել հայ ազգային ինքնությունն ու արժեքները։

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, դատական համակարգի գործողությունները եւ եւս մեկ անգամ դիմում բոլոր ազգային ուժերին եւ հայ ժողովրդի արտերկրյա բարեկամներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ եւ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին եւ իր ռեժիմին հաղթել ՀԱԵ-ի եւ հայ ժողովրդի նկատմամբ սանձազերծված այս սառը պատերազմում։»

 

–00—ԱՊ