Հայը ոտք դրեց Եկեղեցի ոչ թե աղոթքի, այլ՝ ոտնձգության համար, սա ամոթի էջերի լրացումն է. պատմաբան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Պատմաբան, հրապարակախոս Ռուբեն Վարդանյանը գրում է․
«Երեկ Եկեղեցին մոր պես կանչում էր իր զավակներին…
Կանչում էր, քանի որ հայը ոտք էր դրել է Մայր Տաճար ոչ թե աղոթքի, մտորումների, տեսողականության, հիացականության կամ մի այլ ու պարզ բանի համար, այլ` ոտնձգության, բռնության, կատարողական ցուցադրության դրսևորման համար։
Կարիք կար պաշտպանվելու նրանիցից, ովքեր կոչված են պաշտպանելու բոլորիս։ Եվ հարցը անձերի (չեմ գրում անհատների, քանի որ չկան կամ դեռ չեն երևում), արդարության կամ օրենքի տառի մասին չէ, որոնք կորսված են Հայաստանում, այլ` երևույթի։
Եվ, եթե դու հավատացյալ մարդ ես, մկրտված, բանական ու բարոյական, խղճի կրող, սրտով ապրող, դաստիարակված և որակների ձգտող, պարզ ես ու շիտակ, քեզ ի՞նչը պիտի դուր գա այս ամենում, ինչի՞ կողքով ես անտարբեր անցնում, ինչի՞ն ես լուռ, կողմ կամ դեմ։
Նորից եմ ասում, թողնենք մարդկանց իրենց կրքերով, թուլություններով, սխալներով, ցանկություններով, հիմարությամբ ու խելացիությամբ։ Չանդրադառնանք վարչակազմ (չեմ գրում իշխանության բառի իմաստին անհամապատասխան լինելու համար) ֊ Եկեղեցի առճակատմանը` դա ոչ մեր և ոչ էլ այլ երկրների պատմությունում նորություն չէ։ Գանք լսողական տեսարանին. զանգերը խփում էին հայերի մի խմբից հայոց եկեղեցին պաշտպանելու համար։ Սա առ երկինք ու երկիր հնչեցրած ղողանջ էր, սա քաղաքացիական բախման նախաշեմն է, սա ամոթի էջերի լրացումն է։
Եվ, եթե չկա բանականություն ու պատվի զգացում, գոնե բնազդը պիտի հուշի, որ սա ոչ թե հայկական հերթական անհաջողությունն է, այլ վերջին հայրենիքի պատմական դառնալը, քանի որ պայծառ, լուսավոր, արժանապատիվ ու քաղաքակիրթ ապագան նման կեղտոտ ներկայում չի կարող կոփվել։
P.S. Անտարբերությունը մեծ մեղք է և ավելի մեծ հանցանք, քան դավաճանությունը»։
—00—ՍՊ