Մահացել է Հայաստանում Միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիայի հիմնադիր Հենրիկ Փանոսյանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Մահացել է ականավոր գիտնական, Հայաստանում Միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սպեկտրոսկոպիայի հիմնադիր՝ Հենրիկ Փանոսյանը։ Հայտնում են Գիտությունների ազգային ակադեմիայից։
Հենրիկ Փանոսյանը թեկնածուական թեզը կատարել է Մոսկվայի Էլեմենտ օրգանական քիմիայի ինստիտուտում, այնուհետև վերադարձել է Հայաստան և գլխավորել Օրգանական քիմիայի ինստիտուտի ՄՄՌ սպեկտրոսկոպիայի լաբորատորիան։ Եղել է Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի առաջին տնօրենը, այնուհետև Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ՄՄՌ լաբորատորիայի վարիչ։ Իր ջանքերի շնորհիվ ՄՄՌ սպեկտրոսկոպիան հասանելի դարձավ Հայաստանի քիմիկոսների համար և իր աջակցությունն ու համագործակցությունը խթանեց քիմիկոսների հետազոտությունները։
Նա մի քանի հարյուր գիտական հոդվածների համահեղինակ է, «արդյունավետ գիտաշխատող» մրցույթների մշտական մրցանակակիր, նոր սերնդին կրթող ու ուղղորդող։
Լինելով չափազանց համեստ, բարեհամբույր և աջակցող, նա վայելում էր իր գործընկերների հարգանքն ու սերը։
Հոգեհանգիստը տեղի կունենա շաբաթ օրը, հունիսի 28ին, ժամը 17:00-20:00 Էրեբունի սգո սրահում, Խաղաղ Դոնի 2/14:
—00—ՍՊ