Երեկ ակնհայտ հրահանգով առևանգեցին ինձ, վիրավորում էին հոգևորականներին, հեգնում ու սպառնում․ Հոխիկյան

28/06/2025 15:10 Ներքին կյանք

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Երեկ երեկոյան շատ տարօրինակ կերպով ու ակնհայտ հրահանգով 3 կամ 4 ոստիկաններ բառացիորեն առևանգեցին ինձ ու հավանաբար տանում էին բաժին։ Ճամփին զեկուցեցին ինչ-որ գնդապետի, որ բերում են։ Հետո սկսեցին վիրավորական արտահայտություններով խոսել Կաթողիկոսի, հոգևորականների մասին, հեգնել, թե տեսնենք, հիմա՞ ոնց ես պաշտպանելու եկեղեցին։

Այդ ընթացքում ես հասցրի կարճ հրապարակում անել ու տեղեկացնել ինձ առևանգելու մասին։ Հետո զանգ եկավ ոստիկաններից մեկին հավանաբար նույն գնդապետից, նոր հրահանգ ստացան, ինչից հետո սկսեցին սպառնալ, ապա մի քանի անգամ հարվածել ոտքերիս։

Առևանգելուց մոտ 40 րոպե հետո բաց թողեցին հենց մեքենայի միջից՝ շարունակելով հայհոյել ու սպառնալ։

Ոստիկաններին հրահանգ տվողները բնականաբար բարձր պաշտոնյաներ էին։ Չեմ բացառում, որ դա եղել է նգ նախարարի, ոստիկանապետի  կամ ոստիկանության զորքերի հրամանատարի մակարդակով, որը ուղիղ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին։

Չի ստացվելու վախեցնել։ Ինձ հետ Աստված է, ինչպես բոլոր իսկական քրիստոնյա հայերի հետ է Աստված»։

–00—ՅՄ