Վարդենիսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ նա ինքնասպանություն է գործել

28/06/2025 12:34 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի տներից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները ու պարեկները նշված հասցեին կից խորդանոցում հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի, ով ըստ նախնական տեղեկությունների առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Վարդենիսի քննչական բաժնի պետ Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։