Սևանում «Արևիկ առողջարան»-ի տնօրենը «Toyota»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Հունիսի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Արտակ Խ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցի թիվ 61 շենքի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 74-ամյա Նազիկ Խ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էրիկ Գրիգորյանը և Նարեկ Կարապետյանը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Գ․ Շամշյանի տեղեկություններով Արտակ Խ․-ն «Արևիկ առողջարան» ՍՊԸ տնօրենն է։
—00—ՄԱ