Միքայել Սրբազանի պաշտպանության խումբ է ձևավորվում
26/06/2025 23:19
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Փաստաբաններ պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է․
Ինչպես պարզ է դարձել ԶԼՄ հրապարակումներից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
Ըստ ԶԼՄ հրապարակումների Շիրակի թեմի առաջնորդը նախկինում՝ 2023թ․ սեպտեմբերի 26-ին «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» կարծիքն է արտահայտել:
Ընդ որում, դեռևս 2023թ․ հոկտեմբերի 4-ին Civic.am կայքում նյութ էր հրապարակել «Հայաստանում ռազմական հեղաշրջման կոչ արած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հայտարարությամբ պայմանավորված վարույթ այս պահին առկա չէ» վերտառությամբ, որտեղ նշվել էր հետևյալը․ «Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը և Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հարցին ի պատասխան նշեցին, որ այս պահի դրությամբ նախաձեռնված վարույթ առկա չէ։»:
Տես նյութը՝ https://civic.am/news/109436-mikayel-ajapahyan
Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները Միքայել սրբազանի կարծիքի մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված հանցակազմի հատկանիշներ իրավացիորեն չեն նկատել:
Քննարկվող հանցակազմի իմաստով իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները, անեծքները․․․:
Հանցակազմի առկայության համար էական է, որ կոչերը լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ: Մինչդեռ Միքայել սրբազանի` անցյալին վերաբերող քննադատական խոսքը որևէ հետևանք չի առաջացրել և չէր կարող առաջացնել: Հակառակ մեկնաբանության դեպքում, իրավապահ մարմինները պետք է բազմաթիվ քրեական վարույթներ նախաձեռնեն հրապարակային անեծքներ տվող մարդկանց:
Իշխանության հակաեկեղեցական շարժման այս հերթական գործողությունից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պաշտպանելու նպատակով ձևավորում ենք փաստաբանների պաշտպանական խումբ: Փաստաբանների մեծամասնությունը միշտ էլ կանգնել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին:
Այն փաստաբանները, որոնք կցանկանան միանալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պաշտպանելու խմբին, թող անձնական նամակով կամ մեկնաբանությունների հատվածում տեղեկացնեն: