Ինչ խնդրահարույց կետեր ունի «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական նախագիծը

26/06/2025 20:58 Ներքին կյանք

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

Այսօր Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվեց «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական նախագիծը, որը միջազգային ներդրումային իրավունքի (International Investment Law) տեսանկյունից դասական indirect expropriation է (անուղղակի բռնագրավում)

Այսպես, նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու միջոցով՝ առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝

նշանակելու «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու են «ՀԷՑ»-ը կառավարելու ԲՈԼՈՐ լիազորությունները։

Անգամ «ՀԷՑ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չի ունենալու միջամտել նշանակված ժամակավոր կառավարչի լիազորություններին։

Նշվածը պարզապես ԱՆՆԱԽԱԴԵՊ է կորպորատիվ իրավունքի տեսանկյունից։

Նախագծով նախատեսվող փոփոխություններից ակնհայտ է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո նախատեսվում է, որ ժամանակավոր կառավիչը հրաժարվելու է «ՀԷՑ»-ին տրված լիցենզիայից, իսկ այնուհետև՝

փորձ է արվելու պետականացնելու «ՀԷՑ»-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով։

Այս նախագծի բազմաթիվ այլ խնդրահարույց կետերին կանդրադառնամ քիչ անց։

Սակայն ակնհայտ է, որ դրա ընդունումն ու իմպլեմենտացիան հանգեցնելու է բազմաթիվ իրավական խնդիրների և վնասների Հայաստանի Հանրապետության համար։