Լա՛վ իմացեք՝ Սուրբ Էջմիածինը մեր Եկեղեցու մշտաբաբախ սիրտն է, որի դեմ հայհոյողը պիտի պատժվի Աստծուց
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Տեր Պարույր քահանա Ավետիսյանի հրապարակումը․ «Վա՛յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. ԺԸ 7)
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և եկեղեցականության դեմ գրոհի ելած ՀՀ իշխանությունների վարքագիծն այլընտրանք չի թողնում, քան քրիստոնեական արդար վրդովմունքով ու դատապարտումով այն որակել որպես գայթակղության շքահանդես:
Իրեն հավատացյալ համարող յուրաքանչյուր անձ քաջ գիտի, որ Եկեղեցին մարդաստեղծ հիմնարկ չէ, որտեղ քնից շուտ արթնացողը կարող է արկածախնդիր մեքենայություններով կարգ ու կանոն փոխել՝ կամա թե ակամա դառնալով գայթակղության, ատելության ու պառակտումի պատճառ. «Եվ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն և միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն» (Մատթ. ԻԴ 10):
Արդյոք սա՞ է պակասում ներկա ժամանակներում գոյաբանական լուրջ սպառնալիքների առջև կանգնած մեր երկրին ու ժողովրդին, արդյոք այսպիսի՞ մեթոդներով է կերտվելու մեր ապագան, թե՞ սրանով ընդամենը փորձ է արվում շոյել կամ գոհացնել թշնամուն: Հենց այդպիսի մարդու համար է Հիսուս վայ կարդում և ավելացնում. «Լավ կլիներ, եթե նրա պարանոցից էշի երկանաքար կախվի և ծովը գցվի» (Մատթ. ԺԸ 6):
Իր հետևորդներին Փրկիչ մեր Տերը պատգամում է չտրվել գայթակղության, այլ դիմանալ ու տոկալ հավատքով, հույսով ու սիրով:
Լա’վ իմացեք՝ Սուրբ Էջմիածինը մեր Եկեղեցու մշտաբաբախ սիրտն է, հավատքի ամուր վեմը մեր ժողովրդի և տունը՝ Սուրբ Հոգու, որի դեմ հայհոյողն աններելի մեղք է գործում և անխուսափելիորեն պիտի պատժվի Աստծուց: Հետևաբար, հակաեկեղեցական շարժման յուրաքանչյուր փորձ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր դատապարտված է ձախողման»:
–00—ՅՄ