Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի (EFMA 2025) պաշտոնական բացմանը:
Սա մի հարթակ է տարբեր երկրների բժշկական համայնքների միջև փորձի փոխանակման, առողջապահական քաղաքականությունների բարելավման և համակարգային համագործակցության խորացման համար:
«Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը` հիմնվելով բուժծառայությունների հասանելիության, բարձր որակի ապահովման, արդարության և ոլորտի կայուն զարգացման վրա: Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր պահանջող ռեֆորմների փուլում ենք, և բժշկական ասոցիացիաները մեր հիմնական գործըկերներն են»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ընդգծել է, որ մեր երկիրն արժևորում է խաղաղությունը, քանի որ լավ գիտենք պատերազմների և կոնֆլիկտների թողած ազդեցությունը հատկապես առողջապահական համակարգի վրա, և հավելել, որ միայն խաղաղ միջավայրում է հնարավոր ստեղծել առողջապահական, կրթական համակարգ առողջ հասարակություն ունենալու համար:
Ֆորումի հիմնական թեմաներն են՝
Բժշկական ասոցիացիաների ինքնակառավարումը:
Առողջապահական կադրային քաղաքականության մարտահրավերները:
Արտակարգ բժշկական օգնության զարգացումը:
Արհեստական բանականությունը՝ բժշկության ապագայի համատեքստում:
–00—ՅՄ