6 մարզիկներ ազատվեցին զինծառայությունից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Մի խումբ մարզիկներ ազատվեցին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։ Խոսքը Քրիստիան Լյուսիեն Վիտալի, Վարազդատ Լալայանի, Կարեն Ավագյանի, Նարեկ Դալլաքյանի, Բորիս Շատվերյանի և Հայկ Մարտիրոսյանի մասին է։
Տրամադրված տարկետումներից հետո նշված մարզիկները նոր նշանակալի նվաճումներ են գրանցել՝ Կարեն Ավագյանը ծանրամարտի երիտասարդների (մինչև 23 տարեկանների) Եվրոպայի 2021 թվականի առաջնության հաղթող է՝ 1-ին մրցանակակիր, Նարեկ Դալլաքյանը սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր և սամբոյի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է, իսկ Բորիս Շատվերյանը սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր և սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր է:
Ինչ վերաբերում է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի և աշխարհի առաջնությունների հաղթող Վարազդատ Լալայանին, ապա նա նախապատրաստվում է 2025 թվականի աշխարհի առաջնությանը: Իսկ Հայկ Մարտիրոսյանը շախմատի Հայաստանի հավաքականի անդամ է: 2017 թվականին նրան շնորհվել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում:
–00—ՅՄ