Բռնություն, խոշտանգում․ ադրբեջանական բանակի «մասնագիտական հմտությունները»․ «Գեղարդ» հիմնադրամ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Քաղաքակիրթ աշխարհում պետությունները միմյանց հետ պատերազմելիս ձգտում են հավատարիմ մնալ գրված ու չգրված բարոյական որոշակի օրենքների։ Սակայն, երբ գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքական նկրտումներն իրագործելու միակ հենարանը դառնում է բանակը, իշխանությունների կամարտահայտիչ զինված ուժերը գործիք են դառնում էթնիկ այլ հանրույթների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար՝ անգամ խաղաղ պայմաններում։ Այս մասին գրում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։
Հունիսի 26-ը՝ որպես «Զինված ուժերի զինծառայողների մասնագիտական տոն» նշող ադրբեջանական բանակի զինվորները մշտապես աչքի են ընկել հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած վայրագություններով։
Վերջին տասնամյակներում ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից հայ քաղաքացիական անձանց հանդեպ իրականացված բռնությունները պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ կերպ․
«Խաղաղ» պայմաններում գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ սպանություններ կամ բռնություններ
2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրված դեպքեր
2020-2023 թվականներին 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված դեպքեր։
Այս դասակարգումը թույլ է տալիս համակարգել և ուսումնասիրել տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած բռնությունների դեպքերն՝ ըստ իրավիճակային և ժամանակագրական հատկանիշների:
«Խաղաղ» պայմաններում գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ սպանություններ կամ բռնություններ
Ադրբեջանական բանակի զինծառայողները բազմիցս աչքի են ընկել պատահմամբ միջպետական սահմանը հատած անձանց նկատմամբ կիրառած բռնություններով։
Այսպես՝ 2010 թվականին 20-ամյա քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանը, Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզում մառախուղի պայմաններում մոլորվելով, հայտնվել է ադրբեջանական կողմում և ձերբակալվել ադրբեջանական զինվորական ոստիկանության կողմից։ Կարճ ժամանակ անց՝ Մ․ Սարիբեկյանն սպանվել է ադրբեջանական բանտում։ Ադրբեջանական իշխանությունները նրա մահը ներկայացրել են որպես ինքնասպանություն։
2014 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատած դիվերսանտների կողմից առևանգվել ու սպանվել է Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանը։ Վերջինիս դին հայտնաբերվել է անտառապատ տարածքում՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով։
Մեկ այլ դեպքում՝ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որը 2014 թվականին՝ բերքահավաքի ժամանակ, մոլորվելով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, նույնպես ձերբակալվել է Ադրբեջանի զինվորականների կողմից։ 35 օր կալանքի տակ մնալուց հետո նա վերադարձվել է Հայաստան՝ խոշտանգումների բազմաթիվ հետքերով, այդ թվում՝ գլխի, ականջների վնասվածքներով, ձեռքերի, կողերի բազմաթիվ կոտրվածքներով։
Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի է ընկել 2014 թվականի օգոստոսի 7-ին։ Ադրբեջանական գերության մեջ հայ երիտասարդն ընդամենը 24 ժամ է ողջ մնացել։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Պետրոսյանի մահվան պատճառ է դարձել սրտային սուր անբավարարությունը, մինչդեռ Կարեն Պետրոսյանը, բժշկական փաստաթղթերի համաձայն, առողջական խնդիրներ, առավել ևս՝ սիրտ-անոթային հիվանդություններ չի ունեցել և փաստացի առողջ է եղել։
2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրված դեպքեր
Քաղաքացիական անձանց հանդեպ բռնություններ դրսևորվել են 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Ապրիլի 2-ին ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում Խալափյանների ընտանիքի տարեց անդամներին իրենց տան մեջ խոշտանգումների են ենթարկել, գնդակահարել, այնուհետ՝ խեղել նրանց դիակները։
2020-2023 թվականներին՝ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված դեպքեր
Բռնությունների խոշոր համախումբ են կազմում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված բնակավայրերում տարեց անձանց նկատմամբ բռնություններն ու խոշտանգումները։ Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրվել է դեռևս պատերազմի ընթացքում։ Ընդ որում՝ կան փաստեր նաև արգելված զինատեսակների կիրառման մասին։ Միայն Ստեփանակերտում սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումից զոհվել է առնվազն 13 քաղաքացիական անձ, ևս 51-ը վիրավորվել է։
44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո համացանցում պարբերաբար հրապարակվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների, խոշտանգումների, նվաստացման, գնդակահարությունների տեսանյութեր։ Այդ ընթացքում և դրանից հետո Հայաստանն արձանագրել է ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված, խոշտանգված և սպանված քաղաքացիական 12 անձանց՝ Էդուարդ Շահգելդյան (79 տարեկան), Արսեն Ղարախանյան (44 տարեկան), Բենիկ Հակոբյան (73 տարեկան), Էլենա Հակոբյան, Սերժիկ Վարդանյան (73 տարեկան), Էլլա Վարդանյան (69 տարեկան), Գենադի Պետրոսյան (69 տարեկան), Յուրիկ Ասրյան (82 տարեկան), Միշա Մովսիսյան, Անահիտ Մովսիսյան, Նինա Դավթյան, Միշա Մելքումյան (84 տարեկան)։
Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ «2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների վերաբերյալ» երկրորդ միջանկյալ զեկույցի՝ հոկտեմբերի 10-ին՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո, կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները, ի թիվս մյուսների, գնդակահարել են նաև քաղաքացիական անձինք Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին։
Հոկտեմբերի 15-ին համացանցում տարածված երկու տեսաձայնագրություններում երևում են ադրբեջանական հատուկջոկատայինների կողմից Հադրութում գերեվարված զինվորական հագուստով երկու հայի (քաղաքացիական՝ Բենիկ Հակոբյան` 73 տարեկան, զինվորական՝ Յուրի Ադամյան՝ 25-տարեկան) գնդակահարությունները։
Նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 3-ին համացանցում տեղադրված տեսանյութերում ադրբեջանական զինվորական համազգեստով տղամարդիկ դանակով գլխատում են հայ տղամարդու։ Այնուհետև՝ նրանցից մեկը, կտրված գլուխը դնելով սատկած կենդանու վրա, ասում է․ «Ահա թե ինչպես ենք մենք վրեժ լուծում՝ գլուխներ կտրելով»։ Գլխատված անձը Լեռնային Ղարաբաղի Մադաթաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Գենադի Պետրոսյանն էր, ով Արցախ է տեղափոխվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից 1980-ականների վերջերին։
Քաղաքացիական անձի գլխատման մեկ այլ տեսանյութ տարածվել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին։ Զոհը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի 82-ամյա բնակիչ Յուրի Ասրյանն է։ Տեսանյութում Յուրի Ասրյանը «Ալլահի» անունով խնդրում է իրեն չգլխատել, սակայն ադրբեջանական բանակի համազգեստով զինծառայողը սառնասրտորեն գլխատում է նրան, իսկ ներկա մյուս զինծառայողները ծափահարում են։
Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքի 44-ամյա բնակիչ Արսեն Ղարախանյանը սպանվել է ադրբեջանական գերության մեջ գտնվելու ժամանակ՝ 2021 թվականի հունվարին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից հետո, որով ավարտվել էին ռազմական գործողությունները։ Վերջին անգամ ընտանիքն Արսենի հետ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին։ Նրա մասին տեղեկություններ չեն եղել մինչև 2021 թվականի հունվարի 6-ը, երբ համացանցում տարածված տեսանյութում ադրբեջանցի զինվորականներն Արսենին ստիպել են ասել. «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Երկրորդ տեսանյութը հրապարակվել է 2021 թվականի հունվարի 8-ին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Արսենը ենթարկվել ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։ 2021 թվականի հունվարի երկրորդ կեսին՝ որոնողական աշխատանքների ժամանակ, հայտնաբերվել է Արսենի խոշտանգված մարմինը։
Քաղաքացիական անձանց հանդեպ բռնությունների այլ դեպքեր ևս արձանագրվել են․ 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է գերի ընկնելուց ու կտտանքների ենթարկվելուց հետո։ Սպանվել է նաև հաշմանդամ Միշա Մովսիսյանը, իսկ Քարինտակ գյուղի 58-ամյա բնակիչ Ալվարդ Թովմասյանը սպանվել է գլխին հասցված բութ գործիքի հարվածից։
Ադրբեջանական բանակի անմարդկային գործելաոճի մեկ այլ դրսևորում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սև լճի տարածքում գրավյալ դիրքից գերի ընկած 8 (մեկ այլ աղբյուրի համաձայն՝ 9) հայ անզեն ռազմագերիների՝ ադրբեջանցի զինվորականների կողմից զանգվածային մահապատժի ենթարկվելու փաստը։
Հակառակ ադրբեջանական կողմի տարածած կեղծիքին, թե իբր այդ մասին վկայող համացանցի տեսագրությունը շինծու է, «BBC»-ի և «Belingcat.com»-ի անցկացրած հետաքննությունը վերահաստատել է ադրբեջանցի զինվորականների կողմից կատարված ռազմական այդ հանցագործությունը։
Անմարդկային վերաբերմունքի են արժանանում նաև գերության մեջ հայտնված հայ քաղաքացիական անձիք։ Ադրբեջանցի զինծառայողները կալանավայրերում նվաստացնում են նրանց․ վիրավորներին հրամայում են ոտքի կանգնել, ամեն անգամ՝ խուցը բացելիս բարձրաձայնել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Հրամանը չկատարողները ենթարկվում են բռնության։
Տարածվող տեսանյութերից շատերը հեռացվել կամ փոխարինվել են Ադրբեջանի ՊՆ մեկնաբանությամբ, թե դրանք կեղծ են կամ բեմադրված։ Սակայն դրանց իսկությունը քանիցս հաստատվել է ապացուցողական անհրաժեշտ բազայի առկայությամբ։ Չնայած քաղաքացիական անձանց հանդեպ ադրբեջանական բանակի զինծառայողների բռնություններին և դրանք դատապարտող միջազգային իրավունքի առկայությանը՝ ադրբեջանցի և ոչ մի զինծառայող պատժի կամ պատասխանատվության չի ենթարկվել, ընդհակառակը՝ Ադրբեջանում գոյություն ունի հայերի հանդեպ հատուկ բռնություն կիրառած անձանց նկատմամբ խորը պաշտամունք, որի արտահայտությունն են նախագահական պարգևատրումները։
Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը սահմանվում է Ժնևի չորրորդ կոնվենցիայով, որն Ադրբեջանը ստորագրել է 1993 թվականին: Ըստ կոնվենցիայի՝ այն անձինք, ովքեր «ակտիվորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այդ թվում՝ զինված ուժերի այն ծառայողները, ովքեր վայր են դրել զենքերը, և նրանք, ովքեր հիվանդության, վիրավորման, կալանքի կամ որևէ այլ պատճառով մարտական գործողություններից դուրս են հայտնվել, բոլոր հանգամանքներում պետք է արժանանան մարդասիրական վերաբերմունքի՝ առանց որևէ բացասական խտրականության՝ հիմնված ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատքի, սեռի, ծննդի, հարստության կամ որևէ այլ նմանատիպ չափանիշի վրա»։ Մինչդեռ Ադրբեջանի ԶՈՒ ծառայողների վարքը թե՛ պատերազմական և թե՛ խաղաղ պայմաններում իրենց վերահսկողության տակ հայտնված զինվորականների ու, պարզապես, քաղաքացիական խաղաղ բնակչության հանդեպ վկայում է ռասիստական խորը բարդույթի՝ «ռևանշի և վրեժխնդրության» մասին։
Ինչպես 1918-1920 թվականներին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության շրջանում, այնպես էլ՝ հետխորհրդային և մասնավորապես՝ 2020-2023 թվականներին Ադրբեջանի Հանրապետության բանակի զինծառայողներն աչքի չեն ընկել հումանիստական արժեքներ կրելով։ Պատերազմի գերիների նկատմամբ ադրբեջանական բանակի զինվորների վայրագություններն ամենևին էլ զարմանալի չեն։ Թեև միջազգային իրավունքը կարգավորում է ռազմագերիների և պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց հանդեպ գործողությունների պատշաճ վերաբերմունքի հարցը, սակայն ադրբեջանցի զինվորականների դրսևորած էթնիկ ռասիզմը չի սահմանափակվել միայն «սովորական» բռնություններով։ Դրանք արտահայտվել են անզեն, մեծամասամբ՝ տարեցների, կանանց հանդեպ ֆիզիկական խոշտանգումներով, նվաստացումներով, գլխատումներով, գնդակահարություններով, հոգեկան ճնշումներով և բռնության այլ մեթոդներով։
Առկա փաստերի ֆոնին զինված ուժերի մասնագիտական ո՞ր տոնն են նշում Ադրբեջանում՝ մարդկանց խոշտանգումների՞, թե՞ անմարդկային վերաբերմունքի․․․։
–00—ՅՄ