Խոշոր հրդեհ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքում

26/06/2025 10:49 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարևանությամբ, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել և կա վտանգ, որ այն կտարածվի դեպի հարևան շինություններ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները,ապա ժամանած հրշեջները մարել են մոտ 1500 քմ չոր, խոտածածկ տարածքում առաջացած կրակը:  Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Լյուդվիգ Սահակյանն ու Արման Բաբայանը, ովքեր նույնպես քաղաքացիների ու հրշեջների հետ պայքարել են կրակի տարածման դեմ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածեր չկան, իսկ եթե սրտացավ քաղաքացիները, հրշեջներն ու պարեկները օպերատիվ չգործեին, կրակը էլ ավելի էր տարածվելու ու կրակի ճիրաններում կհայտնվեին նաև բազմաթիվ շենք-շինություններ:

—00—ՄԱ