Աշակերտ չկա՝ ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ»

26/06/2025 09:00 Ներքին կյանք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Կրթության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունի կրթություն ստանալու իրավունք՝ անկախ սեռից, ռասայից, կրոնից, սոցիալական վիճակից։ Սա նաեւ մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության պահանջ է:

Սակայն այս իրավունքը խախտվում է հաճախ, քանի որ իբրեւ թե իրականացվում է «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագիրը, սակայն իրականում այդ ծրագրի պատճառով դպրոցներում հաճախ խաթարվում է վերոնշյալ իրավունքը, քանի որ դասապրոցեսը հարկադրաբար 1-2, հաճախ 3 տարով տեղափոխվում եւ իրականացվում է, օրինակ, Մշակույթի տանը, որտեղ տարրական պայմաններ չկան, կամ նախկին գյուղապետարաններում, որտեղ 100 աշակերտ անգամ չի տեղավորվում եւ այսպես շարունակ:

Կրթական ոլորտի այս «հրավտանգ» իրավիճակին զուգահեռ, երբ Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հեգնում է ոլորտը վատաբանողներին, փակվում եւ լուծարվում են դպրոցներ։

Օրինակ՝ այսօր Կառավարության նիստում որոշմամբ պետք է հաստատվի ««Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության լուծարման մասին» որոշումը։

Համաձայն այս որոշման հիմնավորման փաստաթղթի՝ «որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, դիմում չի ներկայացվել 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր, ինչի արդյունքում դասարան չի կազմավորվել, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճք եւ Տաշտուն բնակավայրերում (ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1247-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հինմական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միացվելով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը) փաստացի բնակվող 0-ից 6 տարեկան երեխա չկա։

Այսինքն՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր ուսումնական գործունեություն չի իրականացնում՝ աշակերտ(ներ) չլինելու պատճառով»,- ասված է հիմնավորման մեջ։

Ստացվում է՝ այս տարի աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ։ Հետաքրքիր հարց է առաջանում. հետո երեխաներ չե՞ն լինելու, որ այդ դպրոցում սովորեն։

Այն. որ առանձին ոլորտներ ՀՀ-ում զուրկ են պետականամետությունից, ընդգծված է, սակայն նման կերպ կրթական ոլորտը մատների համար խաղալիք դարձնելը ոչ իրավական է։

Հարցեր են առաջանում նաեւ ուսուցիչների աշխատանքի վերաբերյալ, թե արդյոք կորցնելու են աշխատանք՝ այն էլ փոքրիկ գյուղում ապրելով, որտեղ աշխատանք գտնելն այդքան էլ հեշ գործ չէ»։

–00—ՍՊ