ՔՊ-ն՝ վարչապետի գլխավորությամբ, այսօր գործեց կազմակերպված` դերերի հստակ բաշխումով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․
«Այս պահին հստակ երևում է, որ`
1) Իրավապահ մարմինների այսօրվա գործողությունները մինչև սկսելը համաձայնեցվել են ՔՊ կուսակցության քաղաքական վերնախավի հետ` վարչապետի գլխավորությամբ:
Դա հստակ երևում է նրանից, թե ինչպես են ՔՊ անդամ պաշտոնյաներն արձագանքում տեղի ունեցողին և ինչ բովանդակությամբ տեքստեր են հրապարակում:
Ժամանակային առումով քաղաքական վերնախավի գործողությունները գրեթե սինքրոն են իրավապահ մարմինների գործողությունների հետ:
Վարչապետի պաշտոն զբաղեղնող ՔՊ կուսակցության ղեկավարի, ՔՊ անդամ պատգամավորների հրապարակումներից հստակ երևում է նաև, որ նրանք նախապես ծանոթ են եղել Քննչական կոմիտեի հրապարակած տեքստի բովանդակությանը:
Ես կարծում եմ` իրական է հավանականությունը, որ նրանք էլ հենց մասնակցել են իրավապահ մարմնի անունից հրապարակված տեքստի կամ այդ տեքստի առանձին ձևակերպումների շարադրանքին:
Ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ նրանք գործում են կազմակերպված` դերերի հստակ բաշխումով:
2) Հայոց Եկեղեցու, ինչպես նաև Սամվել Կարապետյանի շուրջ ընթացող, նաև այսօր սկսված զարգացումները ՔՊ կուսակցության վերնախավի պաշտոնյա ներկայացուցիչներն օգտագործում են` ատելություն, անհանդուրժողականություն զանգվածաբար տարածելու համար, անում են ծանր վիրավորանքներ, այդ թվում` հայհոյանքներ պարունակող հրապարակումներ:
Նրանք այս ամենը հատկապես օգտագործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրենց ատելության արշավի համար` դրանով խորացնելով անհանդուրժողականությունն ու պառակտումը հասարակությունում:
3) Նրանք բացահայտ ցուցադրում են, որ իրենք ուղղորդում և համակարգում են իրավապահ մարմինների գործողությունները, որ հիմովին խախտում են անմեղության կանխավարկածը և ստեղծել են աղմուկ` ստվերելու կամ քողարկելու համար իրենց գործողությունների իրավաչափության հարցերը:
Բարձրաստիճան պաշտոններ զբաղոցնող այս անձինք չունեն նման կերպ իրենց պահելու որևէ իրավունք, այսպիսի վարքագիծն ուղղակիորեն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և Հայաստանի միջազգային պարտավորություններով:
ՔՊ կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների այս պահվածքը, վարչապետի գլխավորությամբ, ամբողջությամբ է ոտնահարում ժողովրդավարության հիմքերը, ոչնչացնում է իրավունքի գերակայությունը»:
–00—ՍՊ