Վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

25/06/2025 16:47 Ներքին կյանք

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն 798 հազար դրամը, որից հետո վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված անձի նկատմամբ ոչ արդարացնող՝ հանցագործությամբ պատճառված գույքային վնասը հատուցելու հիմքով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին:

Նկատի ունենալով, որ քրեական վարույթում առկա են եղել բավարար փաստեր հիշյալ ընկերության տնօրենի կողմից կատարված հանցանքի արդյունքում պետությանը ևս շուրջ 100 միլիոն դրամի չափով վնաս պատճառելու մասին՝ հսկող դատախազի որոշմամբ վերոնշյալ միջնորդությունը մերժվել է:

Արդյունքում՝ նախաքննությամբ ամբողջությամբ վերականգնվել է նաև պետությանը պատճառված 100 միլիոն դրամ վնասը:

2025 թվականի հունիսի 25-ին դատախազի կողմից որոշում է կայացվել ընկերության տնօրենի նկատմամբ չհարուցել հանրային քրեական հետապնդում՝ ոչ արդարացնող՝ հանցագործությամբ պատճառված  գույքային վնասը հատուցելու հիմքով:

–00—ՅՄ