Ապարանում հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» մակնիշի բեռնատարի թափքում

25/06/2025 11:14 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել «KamAZ» մակնիշի բեռնատարի թափքում, որտեղ եղել է մոտ 30 մեղվի փեթակ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպի Վանաձոր ընթանալիս վարորդը նկատել է կրակը, ինչից հետո թափքը բարձրացրել է, որպեսզի մեղվի փեթակները թափվեն, որ մեքենան չբռնկվի:

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով են պայքարել կրակի դեմ, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:

Հրշեջներն արդեն ամբողջությամբ մարել են կրակը:

—00—ՄԱ