ՔՊ-ական Տաթևիկ Հակոբյանը հեռացվել է կուսակցությունից. մանրամասներ

24/06/2025 22:01 Ներքին կյանք

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության այսօրվա նիստի ժամանակ որոշում է կայացվել կուսակցությունից հեռացնել երիտթևի ներկայացուցիչ Տաթևիկ Հակոբյանին: Այս մասին 24News-ը տեղեկացավ ՔՊ-ի իր աղբյուրներից:
Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում էլ երևում է, որ Տաթևիկ Հակոբյանը ներկայացել է նիստին և պատասխանում է վարչության անդամների հարցերին:

24News-ի տեղեկությունների համաձայն՝ Տաթևիկ Հակոբյանին կուսակցությունից հեռացումը կապ ունի վերջինիս կողմից Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ աղմկահարույց ծեծկռտուքի հետ, ինչի համար էլ և Մկրտչյանը 2 ամսով կալանավորվել է:
Հիշեցնենք, որ ըստ 24News– ի տեղեկությունների՝ Մկրտչյանը մի քանի հոգու հետ ծեծի է ենթարկել Շենգավիթ ՏԿ-ի ղեկավար Տիգրան Մակարյանին:

Ըստ մեր աղբյուրի` Տաթևիկ Հակոբյանն է Մակարյանին իր տուն հրավիրել, իբր թե ներկուսակցական հարցեր քննարկելու համար, որտեղ էլ վերջինիս սպասելիս է եղել Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Մկրտչյանը աշխատանքային տարաձայնություններ ուներ Մակարյանի հետ:

24News-ը դեռ շաբաթներ առաջ էր կապ հաստատել Տաթևիկ Հակոբյանի հետ վերոնշյալ իրադարձության վերաբերյալ իր մեկնաբանությունը լսելու նպատակով: Վերջինս պնդում էր, թե որևէ առնչություն չունի և անգամ մեզ սպառնաց, եթե «որևէ հրապարակում լինի, ապա մեզ դատի կտա զրպարտության համար»:

Փաստորեն, ստացվում է, որ Հակոբյանը, այդուհանդերձ, առնչություն ուներ վերոնշյալ տեղեկատվության հետ։

Մերի Մանուկյան