«Լեգիտիմացվում են» Ադրբեջանի ռազմական հանցագործությունները․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել , որում ասվում է․
«Օրեր առաջ Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունվել է «Ստամբուլյան հռչակագիրը», որը ըստ էության միջազգային հանրությանը ապակողմնորոշելու հերթական փորձերից է։ Հռչակված դրույթներն իրենց բովանդակությամբ ու պահանջներով խորապես մտահոգիչ են։
Հռչակագրի 20-րդ դրույթը կոչ է անում Հայաստանին «վերացնել իրավական և քաղաքական խոչընդոտները և զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարումից», ինչպես նաև խրախոսում է Ադրբեջանի հետպատերազմյան գործունեությունը, որպես «ազատագրված տարածքների վերականգնում»։ Հռչակագրի այս ձևակերպումը փաստացի «լեգիտիմացնում է» Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, որի արդյունքում 120․000 արցախահայեր բռնի տեղահանվեցին իրենց հազարամյա պատմական հայրենիքից։ Այս իրողությունը էթնիկ զտման արշավի հերթական փուլն էր՝ իրականացված ադրբեջանական վարչախմբի կողմից։
Ստամբուլյան հռչակագրի 26-րդ դրույթը ենթադրում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հորինվածքի մասին անհիմն պահանջներ, որով փորձ է արվում միջազգային հանրության շրջանում ձևավորել թյուր կարծիք «հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստակաների վերաբերյալ»։ Սակայն հասկանալի է, որ այս արհեստական թեզը, բացառապես ստեղծված է Ադրբեջանի նախագահի վարչախմբի կողմից և չունի պատմության հետ որևէ առընչություն ու հիմնավորում։ Ադրբեջանի հնության մասին այս կեղծիքի շրջանառության հիմնական նպատկներից է ջնջել բնիկ հայկական ներկայությունը տարածաշրջանում։ Սակայն հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել Ալիևի վարչախմբին, որ պատմական բազմաթիվ աղբյուրների վկայություններով տարածաշրջանում մինչև 1918 թվականը «Ադրբեջան» անվամբ որևէ պետություն գոյություն չի ունեցել, հետևաբար այն չէր կարող ունենալ ո՛չ «արևմտյան», ո՛չ «հարավային», ո՛չ էլ ցանկացած այլ բաղկացուցիչ «պատմական» մաս։
Վերոնշված հռչակագրի դրույթներով Հայաստանին մեղադրում են «Իսլամական մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ, անտեսելով կարևորագույն մի փաստ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023 թվականի բռնի տեղահանումից մինչ օրս Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի տարածքում պղծում և ոչնչացնում է հայկական եկեղեցիներ, հուշարձաններ, պատմական գերեզմանոցներ ու եզակի արձանագրություններ։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» խստորեն դատապարտում է Իսլամական համագործակցության կազմակերպության Ստամբուլյան հռչակագրով ընդունված այս հիմնազուրկ դրութները, որոնք առաջ են քաշվել Ադրբեջանի կողմից և միտված են սեփական ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացմանն ու տարածաշրջանային կայունության խաթարմանը։ Դրանք քողարկում են Ադրբեջանի կողմից իրականցվող վանդալիզմը թե՛ քրիստոնեական և թե՛ հենց իսլամական մշակութային ժառանգության նկատմամբ»։
–00—ՍՊ