Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Ասօր՝ հունիսի 24-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մուշավան թաղամաս են մեկնել քրեական և համայնքային ոստիկանության ծառայողները:
Տեղում պարզվել է, որ ժամը 02:15-ի սահմաններում դիմակավորված 4 անձինք մտել են նշված թաղամասի տներից մեկը և ննջասենյակում դանակով սպառնացել տանտիրոջը՝ 86-ամյա Ս. Հ-ին, ապա հարվածներ հասցրել դեմքի և մարմնի տարբեր մասերին ու պահանջել գումար:
4 ստահակները այնուհետև կպչուն ժապավենով կապել են անօգնական տարեց մարդու ձեռքերը, ոտքերը և բերանը, ինչից հետո նրանից հափշտակել են խոշոր չափի ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ, ապա դիմել փախուստի:
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշենի վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով «ավազակային հարձակում» հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ստահակները հափշտակել են մոտ 16 հազար ԱՄՆ դոլար և 700 հազար ՀՀ դրամ, իրենց հետ են տարել նաև տուժածի անձնագիրը, ու տուժածին կապված վիճակում հայտնաբերել են Հնդկաստանի 2 քաղաքացիներ, ովքեր վարձակալական հիմունքներով բնակվելիս են եղել նշված տանը, տուժածն էլ ԱՄՆ քաղաքացի է:
–00—ՅՄ