Հրդեհ՝ Ջրվեժի հայտնի ռեստորաններից մեկի ամառային տաղավարում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Այսօր՝ հունիսի 24-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող ամառանոցում հրդեհ է բենկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող ամառային տաղավարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Պարզվել է, որ այրվել է ամառային տաղավարը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
—00—ՄԱ