Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ

23/06/2025 17:14 Ներքին կյանք

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 18-20-ը կայացել է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին 2005թ․ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 10-րդ նստաշրջանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ​​​​ներկայացուցչությունից հայտնում են, որ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է փոխնախագահ՝ բյուրոյում ներկայացնելով Արևելաեվրոպական տարածաշրջանային խումբը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ելույթ է ունեցել հաշվետու ժամանակահատվածում քարտուղարության գործունեության վերաբերյալ զեկույցի շուրջ՝ անդրադառնալով նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականությանն առնչվող մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությանը, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, արտակարգ իրավիճակներում արտիստների ստեղծագործական գործունեության շարունակականության և մշակութային կյանքի պաշտպանության կարևորությունը։

ՀՀ պատվիրակությունը ելույթներ է ունեցել նաև տեխնոլոգիական արդի մարտահրավերների հաղթահարման նպատակով հավելյալ իրավական գործիքի մշակման, փորձագիտական խմբերի կողմից իրականացված աշխատանքների, Կոնվենցիայի 20-ամյակին նվիրված միջոցառումների և այլ օրակարգային կետերի վերաբերյալ։

Նստաշրջանի շրջանակներում կայացած ընտրությունների արդյունքներով Հայաստանն ընտրվեց է 2005թ․ Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է նաև 2005թ․ կոնվենցիայի 20-ամյակին նվիրված մշակութային միջոցառում, որի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է «Երազ» պարային համույթը։

—00—ՄԱ