Մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը

23/06/2025 15:41 Ներքին կյանք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ ֆրանսերենի դասավանդման որակի բարելավման նպատակով Ֆրանսիայի դեսպանության հետ նախորդ տարի ստորագրվել է հուշագիր՝ ուսուցիչների վերապատրաստման համատեղ ծրագրի իրականացման նպատակով:

«Ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացումը հանրակրթության ոլորտի բարեփոխումներից բխող կարևոր ուղղություն է: Հանրակրթության նոր չափորոշչով հստակ պահանջ է դրվում, որ օտար լեզուների ուսուցումը դպրոցներում պետք է առաջընթաց ապրի», – ասել է Ժաննա Անդրեասյանն ու ծրագիրը կարևորել ոչ միայն ուսուցիչների կարողությունների, այլև ֆրանկոֆոն միջավայրի զարգացման տեսանկյունից:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ 2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որն առաջին հերթին ՀՀ հանձնառությունն է՝ զարգացնելու ֆրանկոֆոն միջավայրը, հետևելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնային արժեքներին՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, խաղաղությանը։

«Ֆրանսիայի հետ բազմաթիվ ուղղություններով առկա է հաջողված համագործակցություն, մասնավորապես՝ կրթության ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Սա ևս մեկ վկայություն է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, օրեցօր խորացող և սերտացող համագործակցության»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը՝ ակտիվ համագործակցության և աջակցության համար և վերահաստատելով ՀՀ կառավարության՝ համագործակցությունն ընդլայնելու հանձնառությունը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ողջունել է ծրագրի մասնակիցներին. «Մեծ աշխատանք է իրականացվել մեկ տարվա ընթացքում այս փուլին հասնելու համար, ինչի համար շնորհակալ եմ: Հայաստանը, իսկապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ մասնակիցներից է: ԿԳՄՍ նախարարության՝ ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոն միջավայրի ձևավորման հարցում գործադրած ջանքերը շատ ողջունելի են: Ֆրանկոֆոնիան արժեքների մի ամբողջ համակարգ է՝ խաղաղություն, մշակույթների երկխոսություն: Ֆրանսերենի ուսուցիչների ներգրավվածության, ջանքերի և սիրո շնորհիվ ֆրանսերենն այսօր լայնորեն տարածվում է Հայաստանում»,- ասել է դեսպանը:

Ծրագրի վերապատրաստման առաջին փուլը տեղի կունենա հունիսի 23-27-ը Երևանում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Հունիսի 30-ից հուլիսի 4-ը վերապատրաստումներ կիրականացվեն նաև Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզերում։ Վերապատրաստման ծրագրին շուրջ 240 ուսուցիչ է մասնակցում:

—00—ՄԱ