Սամվել Շահրամանյանը չի կալանավորվել

21/06/2025 20:11 Ներքին կյանք

Փսատաբան Ռոման Երիցյանը հայտնում է․

«Տարածվող տեղեկությունների համատեքստում ստիպված եմ վերստին հայտարարել, որ Սամվել Շահրամանյանը չի կալանավորվել, վերջինս չունի մեղադրյալի կամ որևէ եղանակով քրեական հետապնդման ենթարկվողի դատավարական կարգավիճակ։ Այո, նախաձեռնված վարույթի շրջանակում վերջինս մոտ 10 անգամ (ընդհանուր՝ 35-40 ժամ) ինտենսիվ հաճախականությամբ հարցաքննվել է, սակայն դա կապված է բացառապես վարույթի ծավալի և քննիչի կողմից ամեն ինչ մանրամասն ու կետ առ կետ արձանագրելու հետ։

Հաշվի առնելով վարույթով քննիչի կողմից ցանկացած տվյալ նախաքննական գաղտնիք հայտարարելը, դրանց հրապարակումն արգելելը ու գրեթե ամենօրյա ռեժիմով այդ մասին հիշեցնելը՝ հարցաքննության բովանդակության և վարույթի վերաբերյալ որևէ տվյալ հայտնել չենք կարող։

Միաժամանակ հաշվի առնելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը, ԱՀ հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննելու վերաբերյալ տարածվող տեղեկությունները, վերջինիս շուրջ շրջանառվող կեղծ լուրերը, դրանց անդրադառնալու խիստ անհրաժեշտությունը և այդ ամենի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների կողմից անընդհատ հնչեցվող ահազանգերը, հրավիրելու ենք ասուլիս՝ նշված բոլոր հարցերին անդրադառնալու նպատակով»։

—00—ՍՊ