ՔՊ-ականներին հրահանգվել է Սամվել Կարապետյանին որակել «նախկին» ու սեւացնել այդ ոճով․ «Ժողովուրդ»

20/06/2025 08:15 Ներքին կյանք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն՝ բարեգործ, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվարկների արդյունք է։ Մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քայլով ձգտում է ուժեղացնել իր ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ եւ հասնել Ամենայն Հայոց կաթողիկոսի «հրաժարականին»։

Իշխանական աղբյուրների պնդմամբ՝ իշխող քաղաքական թիմում արդեն տրվել են համապատասխան հրահանգներ ՔՊ-ական պատգամավորներին ու հանրային հաղորդակցման պատասխանատուներին։ Նրանց հորդորվել է պատրաստ լինել՝ սկսելու ակտիվ քարոզարշավ Սամվել Կարապետյանի դեմ՝ ներկայացնելով նրան որպես «նախկինների կողմնակից» եւ հատկապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող գործիչ։

Սամվել Կարապետյանը, որը վերջին ամիսներին հանդես է եկել Եկեղեցու շահերի պաշտպանության դիրքերից, ներկայումս, ըստ ոմանց, դիտարկվում է որպես գաղափարական ու հասարակական հենասյուն՝ ընդդիմադիր տրամադրությունների համար։

Միաժամանակ իշխող թիմի ներսում դիտարկվում է նաեւ այս պատմության օգտագործումը՝ ներսից փշրելու հնարավոր լայն կոնսոլիդացիան՝ եկեղեցու, սփյուռքի ու ներհայաստանյան որոշ շրջանակների միջեւ։

Ինչպես ասում են՝ ուշագրավ զարգացումները դեռ նոր են սկսվում»։

–00—ՍՊ