Երևանում 60-ամյա տղամարդը նստել էր խանութի ծածկին և կարող էր ընկնել, տեղում է Շենգավիթի ոստիկանապետը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Գարեգին Նժդեհի թիվ 7 շենքի բնակարաններից մեկից (2-րդ հարկ), նստել է խանութի ծածկի վրա և առկա է ընկնելու վտանգ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ: Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ:
Փրկարարներին հաջողվել է այդ տղամարդուն տեղափոխել անվտանգ վայր, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան հանձնել է իր խնամակալին: Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ այդ տղամարդը նշված շենքի բնակիչ 60-ամյա Վ. Ճ.-ն է: Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
–00—ՅՄ