«Չլսված արշավ է սկսվել ընդդեմ Հայ եկեղեցու». BBC-ը անդրադարձել է Փաշինյանի անպարկեշտ գրառումներին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

BBC. «Սրբազան, գնա քեռուդ կնգան դոմփի, ինձնից ինչ ես ուզում»․ դժվար է հավատալ, բայց հենց այս խոսքերով էլ Հայաստանի առաջնորդը մայիսի վերջին աննախադեպ արշավ սկսեց ընդդեմ եկեղեցականների։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) երբեք դաշնակից չեն եղել։ Վարչապետը քննադատել է նրանց նախորդ իշխանությունների հետ կապերի համար, որոնց նա անվանել է «հանցավոր ռեժիմ»։ Եկեղեցին էլ կասկածանքով էր նայում արևմտամետ ՀԿ-ներում աշխատելու փորձ ունեցող նրա երիտասարդ թիմին։
Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Փաշինյանի հրաժարականի կոչ արեց, և հարաբերությունները վերջնականապես փչացան։ Բայց աշխարհիկ և հոգևոր իշխանությունները սովորեցին գոյակցել՝ մինչև անցյալ շաբաթ, երբ արդեն վարչապետը կոչ արեց պաշտոնանկ անել եկեղեցու առաջնորդին։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀԱԵ-ին ավելի շատ են վստահում, քան կառավարությանը։
Փաշինյանը Գարեգին Բ-ին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Վարչապետի խոսքով՝ եկեղեցու առաջնորդը երեխա ունի։ Եթե դա ճիշտ է, ապա եկեղեցական կանոններով Գարեգինը չի կարող կաթողիկոս լինել, և Փաշինյանը պահանջում է նրա հրաժարականը՝ հղում անելով հենց եկեղեցական կանոններին։
Հոգևորականների քննադատությանը վարչապետին է միացել նրա կինը՝ Աննա Հակոբյանը։ Նա եկեղեցականներին անվանել է «երկրի գլխավոր մանկապիղծներ» և «երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզներ»՝ նույնպես առանց ապացույցների: Գարեգին Բ-ն չի պատասխանում կոնկրետ մեղադրանքներին, սակայն Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն խորհուրդը մեղադրանքները որակել է Եկեղեցու ձայնը խլացնելու և հասարակական կյանքում նրա ազդեցությունը թուլացնելու փորձ։
Կաթողիկոսին սատարել են առաջին և երրորդ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունները: Եկեղեցու դեմ սկսված արշավի շրջանակում Փաշինյանը դատապարտեց նաև գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին՝ Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր բարերարներից մեկին: Նա սպառնացել էր յուրովի միջամտել Եկեղեցու դեմ արշավին։ Այս հայտարարությունից մի քանի ժամ անց ոստիկանությունը խուզարկություն էր կազմակերպել գործարարի տանը, նրա դեմ քրեական գործ հարուցվել: Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեջ, նա չի ընդունում իր մեղքը։
Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի դեմ վարչապետի հնչեցրած մեղադրանքները նորություն չեն. Հայաստանում դեղին մամուլը դեռ տասը տարի առաջ էր նմանատիպ լուրեր հրապարակում։
Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները փչացան 2020 թվականին, երբ Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Կաթողիկոսը միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջներին։
Ի վերջո Փաշինյանը պահպանեց իշխանությունը, իսկ եկեղեցին վերածվեց ազգայնական և պահպանողական ընդդիմության ձայնի։
Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսին, և հայ քաղաքագետները եկեղեցու դեմ հռետորաբանության սրումը կապում են սրա հետ։
Դեռ հունիսի սկզբին Գարեգին Բ-ն պահանջել էր ապահովել արցախահայերի վերադարձը իրենց տներ, ինչը հակասում էր Ադրբեջանի հետ բանակցություններում պաշտոնական Երևանի դիրքորոշմանը: Փաշինյանի նպատակը խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումն է՝ հրաժարվելով միմյանց նկատմամբ բոլոր հավակնություններից։ Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները ընդդիմության պահանջները մեջբերում են որպես օրինակ, որ Հայաստանը պատրաստ չէ խաղաղության։
Վերջին տարիներին Եկեղեցու նկատմամբ վստահության վարկանիշն աճել է ավելի քան հինգ անգամ՝ Եկեղեցուն լիովին վստահում է հարցվածների 62,5 տոկոսը՝ 2021 թվականի 11 տոկոսի համեմատ։ Եկեղեցին մնացել է միակ հաստատությունը, որը իշխանության վերահսկողության տակ չէ, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Վարչապետը խոստովանում է, որ Եկեղեցու ղեկավարության վրա հարձակումը իր քաղաքական ծրագրի մի մասն է. «Մենք պետությունը վերադարձրել ենք ժողովրդին։ Հիմա մենք պետք է եկեղեցին վերադարձնենք ժողովրդին»,- ավելի վաղ ասել էր նա։
Փաշինյանի և ՀԱԵ-ի բախման հետևում կա նաև գաղափարական կոնֆլիկտ, կարծում է Իսկանդարյանը։ Վերջին տարիներին վարչապետն ու իր թիմն ակտիվորեն զբաղված են «երկրի ռեբրենդինգով»՝ ինքնության հիմքերի վերանայում, Արարատ լեռան՝ որպես ազգային խորհրդանիշի մերժում, երկրի Սահմանադրության, զինանշանի և օրհներգի փոփոխություն։ Այս ամենը Փաշինյանը միավորել է «իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ։ Վարչապետի «իրական Հայաստանն» առաջին հերթին հորինված է որպես պատմական Հայաստանի հակակշիռ, որտեղ հիշատակվումէ ր տարածքային պահանջներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։
Փաշինյանը, որը ձգտում է կարգավորել հարաբերությունները երկու երկրների հետ, ցանկանում է, որ քաղաքացիները նայեն դեպի ապագա եւ առաջարկում է հանրային հիշողությունից հանել Արցախի եւ արեւմտյան հայկական հողերի մասին հիշողությունը: Բայց Եկեղեցու համար պատմությունը նրա հեղինակության հիմքն է։ 301 թվականին քրիստոնեության ընդունումը Հայաստանը դարձրեց առաջին երկիրը, որտեղ Եկեղեցին դարձավ պետական կրոն և առանցքային դեր խաղաց հայկական ինքնության ձևավորման գործում:
Այսօրվա Հայաստանում Եկեղեցին անջատ էպետությունից, բայց Սահմանադրությունը խոսում է Հայ Առաքելական Եկեղեցու մասին՝ որպես ազգային եկեղեցու, որը բացառիկ առաքելություն ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում: Միջնադարում հենց Հայ Առաքելական եկեղեցին էր պահպանում լեզուն, գրականությունը և ինքնությունը: Այժմ այն շարունակում է իր դերը կատարել նաև Սփյուռքում։ Սակայն ստեղծված ճգնաժամը սպառնում է պառակտմամբ։
Այս ամենը կխորացնի առանց այն էլ պառակտված հայ հասարակության բևեռացումը, գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Արդեն գոյություն ունեցող բաժանումներին՝ [ներկա և նախորդ իշխանության կողմնակիցներ], արևմտամետ և ռուսամետ, հայաստանցի և ղարաբաղցի հայեր, ժողովրդասեր և ժողովրդատյացներ, կավելանա ևս մեկը՝ ավանդական եկեղեցու կողմնակիցներ և «փաշինյանական» եկեղեցու հետևորդներ։
–00—ՍՊ