Փաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք

18/06/2025 19:14 Ներքին կյանք

ԵՊՀ դասախոս Արմեն Ավետիսյանը գրում է․

«Սամվել Կարապետյանի դեմ քրեական հետապնդումը միանգամայն կանխատեսելի էր՝ հատկապես նրանց համար, ովքեր երկար յոթ տարի շարունակ տեսել և իրենց մաշկի վրա զգացել են այս իշխանության կողմից կիրառվող վախի և պատժի մեխանիզմները։ Այն պահից, երբ Սամվել Կարապետյանը թույլ տվեց իրեն հրապարակային պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին, նրա «դատավճիռը» քաղաքական իմաստով արդեն իսկ գրված էր։

Սամվել Կարապետյանի դեմ տարվող արշավը հերթական առիթ է՝ պետական ամբողջ ապարատը լծելու խորքային վախից թելադրված հաշվեհարդարի հերթական գործողությանը։ Վախ՝ ցանկացած խոսքից ու գործողությունից, որը չի վերահսկվում Նիկոլ Փաշինյանի անձնական կամքով։ Վախ՝ այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք կամ ավանդույթ։

Փաշինյանն այսպես կոչված «դատաիրավական գործընթացը» փորձում է հրամցնել որպես օրենքի հաղթանակ, մինչդեռ իրականում այն նման է հիվանդագին, անձնական վենդետտայի՝ թաքնված պետական դատաիրավական դիմակի տակ։ Նրա նպատակը պարզ է՝ ոչ միայն վախեցնել, այլ նվաստացնել այն ամենը, ինչ դուրս է նրա պղծված գաղափարական ծիրից։

Այսօր իշխանությունը քրեական հետապնդման է ենթարկում եկեղեցու պաշտպանությունը, վաղը քրեական հետապնդման է ենթարկելու մկրտվելը, հաջորդ օրը՝ աղոթելը։ Քանզի ներկայիս վարչախումբը համարում է հայի ինքնությունը հանցանք, իսկ այդ ինքնության կրողներին՝ իրենց հակապետական իշխանության սպառնալիք։

Սամվել Կարապետյանը պարզապես խիզախեց անել այն, ինչը վաղուց պիտի անին հայաստանցի ամբողջ գործարար դասը՝ կանգնել Եկեղեցու, և դրա հետ մեկտեղ՝ ազգային արժանապատվության կողքին։ Իսկ Փաշինյանը պարզապես պատժում է Կարապետյանին համարձակվելու համար, քանի որ իր խղճուկ քաղաքական գոյությունն այլևս չունի,ոչ լեգիտիմություն, ոչ էլ հանրային աջակցություն, այլ հիմնված է վախի ու հաշվեհարդարի վրա»:

–00—ՍՊ