Երևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
–00—ՅՄ