Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմ

18/06/2025 17:29 Ներքին կյանք

«Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը իր անհանգստությունն ու խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության կողմից ձեռնարկվող այն քայլերի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության և աշխարհասփյուռ հայոց քրիստոնեության միասնականության դեմ։

Հայաստանի Հանրապետության անվտանգային և տարածաշրջանային այս տագնապալի շրջանում նման պառակտիչ ու կործանիչ արշավ նախաձեռնելը թուլության և կարճատեսության նշան է։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ներքին կանոնադրական հարցերը արծարծվում ու լուծվում են միայն եկեղեցական համապատասխան մարմիններում:

Ցաւալի է, որ Հայաստանը նման քայլերով սրընթաց հեռանում է Եվրոպական Միության ժողովրդավարական սկզբունքներից՝ հիմնված պետության ու եկեղեցու տարանջատման վրա և դրանով վնասում իր իսկ որդեգրած դեռևս փխրուն ու դեռահաս ժողովրդավարության զարգացմանը։

Հայոց Եկեղեցու ինստիտուցիոնալ կարգավիճակը անձնավորելու, աշխարհիկ իշխանությունների կողմից Եկեղեցուն բարոյական դասեր տալու անհարիր ու անհեթեթ փորձերի փոխարեն կառավարությունը պետք է իր բոլոր ուժերը կենտրոնացնի արտաքին քաղաքական վտանգներն ու աղետները փարատելու և երկրի սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու վրա։

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ և իր զորակցությունն է հայտնում Ս. Մայր Աթոռին` կոչ անելով Հայաստանի Հարապետության իշխանություններին ձեռնպահ մնալ հայ հասարակության բևեռացումը խորացնող յուրաքանչյուր անզգույշ ու անխոհեմ քայլից»:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ

–00—ՅՄ