Առևտրականները Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ցույց են անում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Մանր առևտրականները Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ցույց են անում։
Ինձ զանգահարեցին Այրում, Նոյեմբերյան քաղաքներից, Նոյեմբերյան համայնքի այլ բնակավայրերից մանր առևտրականներ, ովքեր այս պահին Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ բողոքի ցույցի են դուրս եկել։ Նրանք ասացին, որ իրենք Վրաստանից ապրանքներ են բերում, վաճառում, օրենքով իրենք կարող են օրական մինչև 10 կգ ապրանք առանց մաքսավճարի ներկրել, սակայն Բագրատաշենի մաքսակետի աշխատողները թույլ չեն տալիս։ Բողոքողների խոսքով՝ Բագրատաշենի մաքսակետի աշխատողները կազմել են մանր առևտրականների «սև ցուցակ», որի մեջ ներառել են 114 անձանց, որոնց մուտքը Վրաստան արգելել են։
Բողոքավոր առևտրականները հայտնեցին, որ մաքսակետի աշխատողները հովանավորում են Բագրատաշեն, Պտղավան գյուղերից ներկրողների, ովքեր օրական մի քանի անգամ բեռնված մեքենաներով մաքսակետից դուրս են գալիս։
Բողոքողների վկայությամբ՝ այդ առևտրականները Հայաստան են ներկրում մեծ քանակի օղի, ծխախոտ, նրանք ոչ միայն «Դյութի ֆրիից»՝ մաքսակետի անմաքս ապրանքների գոտուց են Հայաստան ապրանքներ ներկրում, այլև Վրաստանից ներկրում են ավտոպահեստամասեր, ավտոմեքենայի յուղ և այլն։ Առևտրականները հայտնեցին, որ պատրաստ են ներկայացնել իրենց ասածների ապացույցները, «արտոնյալ» ներմուծողների ավտոմեքենաների նկարները, և այլն»։
–00—ՅՄ