Ավտովթար՝ Լոռու մարզում․ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր

16/06/2025 16:49 Ներքին կյանք

Հունիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կարեն Հ․-ն իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Թեմուր Հ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։

–00—ՅՄ