Առաքելությունը՝ փրկել կյանքեր. նշվել է Արյան դոնորի համաշխարհային օրը

16/06/2025 13:34 Ներքին կյանք

Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը: Սա հնարավորություն է ևս մեկ անգամ հիշելու և գնահատանքի խոսք ասելու այն մարդկանց, ովքեր ինքնակամ հրաժարվում են սեփական արյունից` հանուն այլ մարդկանց ապրելու իրավունքի: Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք:

Այդ օրը մարդաշատ է լինում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:

Դոնորությունը՝ որպես կենսակերպ

Արյան դոնոր լինելը գիտակցված որոշում է և կենսակերպ: Օրվա հերոսները նշում էին՝ հանձնած արյունն իրենց չի վնասում, բայց փրկում է երեխաների, կյանքի ծանր վիճակում հայտնված մարդկանց:

Նրանցից շատերին Կենտրոնի աշխատակիցները գիտեին անուններով. ի վերջո, հանդիպում են երեք ամիսը մեկ կարևոր առաքելությամբ՝ հանձնել արյուն, փրկել կյանքեր:

Արյուն են հանձնում ժպիտով, միանում Կենտրոնում կազմակերպված միջոցառմանը և հեռանում՝ նորից վերադառնալու լուռ խոստումով:

Սա ոչ միայն դոնորներին գնահատանքի խոսք ասելու, այլ պրակտիկ հարցեր լուծելու հնարավորություն է

«Մեր կենտրոնն ամեն օր հանդիպում է այնպիսի իրավիճակների, երբ ճիշտ ժամանակին ստացված արյունը կարող է որոշել մարդու ճակատագիրը: Արյան դոնորության համաշխարհային օրը հիանալի առիթ է հիշեցնելու մեր հասարակությանը, որ յուրաքանչյուր առողջ մարդ կարող է դառնալ դոնոր՝  համալրելով արյան պաշարները և փրկելով կյանքեր: Մենք երախտապարտ ենք մեր կանոնավոր դոնորներին, ովքեր իրենց պատասխանատու մոտեցմամբ մեզ հնարավորություն են տալիս ապահովել բնականոն աշխատանքը: Շնորհակալ ենք նաև մեր գործընկերներին․ առանց նրանց անհնար էր այս տարի կազմակերպել Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը»,- ասում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը:

Հաջողելու համար կարևոր է բիզնեսի ու հանրային հատվածի միավորումը

Այս տարի միջոցառումն անց է կացվել Կոնվերս Բանկի աջակցությամբ: Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բիզնեսը պետք է ակտիվ դեր ունենա սոցիալական նախաձեռնությունների աջակցության հարցում, այդ թվում՝ կանգնած լինելով կյանքի դժվարին պայմաններում հայտնված մարդկանց կողքին:

Նա ասում է. «Որպես բիզնեսի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ մեր հաջողությունը չափվում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշներով, այլև մեր սոցիալական ներդրմամբ: Արյան դոնորությունը սիմվոլիկ նշանակություն ունի․ այն ցույց է տալիս, որ մարդկանց միջև համերաշխությունը և փոխադարձ օգնությունը կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն»:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

–00—ԱՊ