2025 թվականին նախատեսվում է Սևանա լճում իրականացնել 189 տոննա սիգի արդյունագործական որս ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻ

15/06/2025 16:39 Ներքին կյանք

Ներկայացվել են 2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, ինչպես նաև արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» որոշման նախագծով սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թվականի ընթացքում Սևանա լճում իրականացնել 189 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս:

2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:

Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։

Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև հունիսի 25-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։

Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման պայմանագրերի կնքման դիմումն ու հայտաձևը՝ ստորև:

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։

–00—ՅՄ